Մարուքյան․ ԼՀԿ-ն առաջարկում է ՀՀ նախագահին լիազորել որպես բանակցող

Մարուքյան․ ԼՀԿ-ն առաջարկում է ՀՀ նախագահին լիազորել որպես բանակցող

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀՀ նախագահին կառավարության կողմից լիազորել որպես Հայաստանի անունից բանակցություններ վարող։ Այդ մասին ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Մենք ունեցանք ԱՊՀ գագաթնաժողով, որին ՀՀ վարչապետը չի մասնակցում։ Գիտենք, որ վարչապետն այս պահին չի կարող լինել ՀՀ-ի բանակցողը, և նա ևս մեկ անգամ դա ապացուցեց ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, սակայն Հայաստանը կրակը չի ընկել։ Դրա համար ենք պնդում, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, սակայն քանի դեռ խնդիրը չի լուծվել, առաջարկում ենք՝ ՀՀ նախագահը կառավարության կողմից լիազորվի ՀՀ-ի անունից բանակցություններ վարելու։ Հայաստանը չի կարող չունենալ «ես»՝ իր շահեր ներկայացնելու համար։

Հիմա պատկերացնենք՝ ԱՊՀ գագաթնաժողովին վարչապետը չի մասնակցել, որովհետև իր ընտանիքում դեպք էր տեղի ունեցել, պաշտոնապես այդպես էր ասվել։ Կարո՞ղ էր ՀՀ նախագահը ներկա գտնվել այդ հանդիպմանը և արձագանքեր Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Նախագահը կարո՞ղ էր ասել, թե Հայաստանն ինչ հումանիտար ճգնաժամում է հայտնվել այս իրավիճակում։ Մենք կարծում ենք՝ կարող է և կառավարությունը պետք է նման հարցով լիազորի նրան»,- ասել է Մարուքյանը։

Պատգամավորը նշել է, որ նախքան խորհրդարանական ընտրությունները, ԱԺ-ի մակարդակով պետք է իրականացվեն որոշակի սահմանադրական փոփոխություններ։

«Ադրբեջանն իր խնդիրները լուծելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար իր երկիր է հրավիրել իր մեծ եղբորը՝ Թուրքիային։ Ի՞նչ է արել Հայաստանը 1990-ականներից սկսած։ Ամեն ինչ արել է, որ Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի պետական կառավարմանը, ՀՀ-ում որևէ դերակատարում ունենալուն սահմանափակի։ Մենք պետք է Հայաստանի «դուռն ու պատուհանը» բացենք մեր 7 միլիոնից ավելի սփյուռքահայերի համար։

Վարչապետն իր մտերիմին Սփյուռքի հանձնակատար նշանակելու համար, նախարարությունը կրճատեց և ստեղծեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, որ կարողանա ԱՄՆ քաղաքացի Զարեհ Սինանյանին նշանակել ղեկավար։ Մենք պետք է հնարավորություն տանք, որ սփյուռքի ներուժը ներգրավվի Հայաստանում պետական կառավարման գործընթացներին»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այս ուղղությամբ սահմանադրական փոփոխություններ են նախատեսում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---