Քաղաքապետ․ Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ է

Քաղաքապետ․ Կապան-Ագարակ գյուղ ճանապարհն ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ է

PanARMENIAN.Net - Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհները գործում են, իսկ Կապան-Ագարակ տանող հատվածը ստիպված այլևս չենք օգտագործում՝ այն ամբողջությամբ թշնամու վերահսկողության տակ է։

«Բարեփախտաբար ունենք այլընտրանքային ճանապարհ, բայց այն հիմնանորոգման կարիք ունի։ Իսկ ձմեռվա ընթացքում գրեթե անանցանելի է։ Եվ այս պատճառով, ագարակցիները որոշակիորեն շրջափակման մեջ են»,- ներկայացրել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության առաջին կետով ասվում է՝ կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին։

«Մենք էլ, բնականաբար, մնացինք մեր զբաղեցրած դիրքերում՝ ապահովելով մեր բնակավայրերի անվտանգությունը։ Իսկ դեկտեմբերի 17-ի առավոտյան շատ անսպասելիորեն հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից, որ պետք է թողնենք զբաղեցրած բնագծերը։ Դա կապանցիների համար լուրջ խնդիրներ է առաջացրել։ Այսօրվա դրությամբ մենք ունենք հետևյալ պատկերը. թշնամին կոնկրետ մեր բնակավայրերից, օրինակ՝ Սյունիք բնակավայրի բնակելի հատվածից 100 մետր հեռավորության վրա է, իսկ Կապան քաղաքի բնակելի հատվածից՝ 1 կմ հեռավորության վրա։ Մեր բնագծերը զիջելով՝ լուրջ խնդիր ունենք․ կարևոր բարձունքները թշնամունն են, և Կապան քաղաքն, օրինակ, այժմ լուրջ թիրախ է թշնամու համար»,- նշել է Գևորգ Փարսյանը։

Նա նշել է՝ քաղաքացիների շրջանում անհանգստություն կա, բայց խուճապ չկա. ոչ ոք չի հասկանում՝ ինչ է սպասվում իրեն։

«Ինձ մեր քաղաքացիները շատ են հարցնում, թե ինչ է լինելու։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց հավատացած եմ, որ պետք է ամեն ինչ անենք՝ պահպանելու մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Կապանի քաղաքապետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Հայկական ուժերը հետ են քաշվել 13 գյուղի մերձակա բարձունքներից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---