Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին` «Գալաքսի» ընկերությունների խմբից

Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին` «Գալաքսի» ընկերությունների խմբից

PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբել են իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխա այս տարի ստացել է իր նվերը։

«Գալաքսիի» հաղորդագրության մեջ նշվում է, որ հայությունն ապրում է «նորօրյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկը. բոլորիս, մեծ ցավ է համակել, սակայն անկախ այդ ամենից, մեր մանուկները պետք է զգան ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը»։

«2020 թվականի աշունը հավերժ կմնա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Յուրաքանչյուր հայ այս օրերին սգում է հայրենազրկման և պատերազմում ընկած մեր քաջ հայորդիների կորստի ցավը։ Մենք իհարկե գիտակցում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավոր չէ մեղմել այն ահռելի ցավն ու ողբերգությունը, որ այս օրերին ապրում են արցախցի ընտանիքները, և ցավոք սրտի, նաև երեխաները, սակայն այն միտքը, որ այս ծանրոցները կարող են թեկուզ թույլ ժպիտ պարգևել արցախցի մանուկներին, մեզ ստիպեց ոգեշնչվել և իրականացնել այս ծրագիրը», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը։

Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» են նվիրել «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ռեսուրսների հավաքագրման բաժնի ղեկավար Իզաբելլա Մանասարյանի խոսքով` արդեն չորրորդ անգամ անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությամբ կազմակերպությունն այս տարի աջակցում է Արցախից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։

«Շատ շնորհակալ եմ «Գալաքսի» ընկերությունների խմբին 300 երեխայի ամանորյա նվերներով այսքան ուրախացնելու համար: Ըստ մեր ուսումնասիրությունների` Արցախից Հայաստան ժամանած ընտանիքներում ամանորյա նվերներ գնելն այս օրերին հետին պլան է մղվել հոգսաշատ առօրյայի պատճառով», - ասել է Մանասարյանը:

Նվերներն ուղևորվել են Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---