Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը կվերականգնվի

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը կվերականգնվի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով վերանայվել են բազմաթիվ ծրագրեր, բայց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին, և այն կվերականգնվի նախանշված ժամկետներում։ Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի դերասանական կազմի և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի հետ հանդիպմանը։

Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել թատրոնի անձնակազմին՝ ստեղծված ծանր ժամանակահատվածում Արցախում գտնվելու և փոքրիկների համար ներկայացումներով հանդես գալու համար՝ ընդգծելով, որ մշակութային նման միջոցառումները լավագույն եղանակն են երեխաներին փոքր-ինչ դրական տրամադրություններ հաղորդելու համար:

Նա հյուրերին է ներկայացրել հետպատերազմական շրջանում իրականացվող աշխատանքների ընթացքը, նշել, որ բոլոր ջանքերն ուղղված են ինչպես զոհված, անհայտ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու և հարազատներին վերադարձնելու, այնպես էլ անօթևան մնացած և սոցիալական տարբեր հարցեր ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ուղղությամբ:

Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշել է, որ շատ տպավորված են Ստեփանակերտում թատրոնի վերականգնման նախագահի նախաձեռնությամբ, քանի որ առանց մշակույթի դժվար է պատկերացնել ազգի ապագան: Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---