29 դեկտեմբերի 2020 - 11:57 AMT
Մանուկյան․ Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է

Ընդդիմադիր 17 ուժի ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ ամեն օր անհնազանդության ակցիաներ են լինելու, մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա։ Նա հավելել է նաև, որ մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրել է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

«Այն, ինչ որ արվեց, ներել հնարավոր չէ, և այն, ինչ որ շարունակվում է, ամեն օրը կործանարար է երկրի համար», - ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դաշտը բաժանել 2 թևի` կուսակցություններ, որոնք ուզում են գնալ արտահերթ ընտրությունների, և նրանց, ովքեր չեն ուզում: Մանուկյանը վստահ չէ, որ գործող վարչապետը կգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Մենք հստակ ասել ենք` ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում: Նախ և առաջ պետք է ինքը հեռանա, ձևավորվի կառավարություն, որը ինչ-որ ժամանակում` նախատեսված է մեկ տարի, գոնե մի քիչ ուշքի բերի, բարձրացնի մարտունակությունը մեր բանակի, գնա բանակցությունների` կամ եռակողմ, կամ Ադրբեջանի հետ սահմանների վերաբերյալ որովհետև այն, ինչ կատարվում է, խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ: Մինչև նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսել անիմաստ է», - ասել է ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։