2 մարտի 2009 - 11:27 AMT
Եվրամիությունն Արեւելյան Եվրոպայի երկրներին դրամական միջոցներ չի հատկացնի
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Արեւելյան Եվրոպային 190 մլրդ եվրոյի չափով շտապ ֆինանսական օգնության ծրագիրը: Այդ մասին նա հայտարարել է Եվրամիության մարտի 1-ին կայացած արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, որը նվիրված էր միության տնտեսական դրությանը: Անգելա Մերկելին աջակցել է Եվրամիությունում նախագահող Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Վերջինս հայտարարել է, որ Արեւելյան Եվրոպայի - Բալթիան երկրներին օգնության միասնական ծրագրի ընդունման անհրաժեշտություն չկա:

Անգելա Մերկելը լրագրողներին հայտարարել է, որ օգնության չափերը պետք է Արեւելյան Եվրոպայի յուրաքանչյուր երկրի համար առանձին որոշվեն: Նրա խոսքերով, խելամիտ չի լինի օգնությունն Արեւելյան Եվրոպայի բոլոր երկրների համար միասնական փաթեթով տրամադրել, այդ երկրներում իրադրությունը զգալիորեն տարբեր է:

Գագաթնաժողովի նախօրեին Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ, Հունգարիայի ու Լեհաստանի ղեկավարությամբ - Ավստրիայի աջակցությամբ, հանդես են եկել բանկային համակարգերին եւ ազգային արժույթներին աջակցության նպատակով շտապ 190 մլրդ եվրո տնտեսական օգնություն տրամադրելու ԵՄ «հարուստ» երկրներին ուղղված պահանջով:

ԵՄ առաջնորդները նաեւ պայմանավորվել են ձեռնպահ մնալ միության ներսում ճգնաժամի դեմ պայքարում հովանավորչական միջոցներից: Այդ մասին ԵՄ հակաճգնաժամային շտապ գագաթնաժողովի ավարտին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Մանուէլ Բարոզուն:

«Մենք հաստատել ենք, որ միասնական շուկան տնտեսական Զարգացման շարժիչն է եւ պետք է պահպանվի», - նշել է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ այդ սկզբունքները Եվրոպայի տնտեսությանն աջակցության բոլոր միջոցների, այդ թվում նաեւ արեւմտյան երկրիների սեփական ավտոարդյունաբերությունը փրկելու ազգային ծրագրերի հիմքը կդառնան:

Դա նշանակում է, որ ԵՄ առաջատար երկրները չպետք է հակաճգնաժամային այնպիսի միջոցներ կիրառեն, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել ԵՄ մյուս երկրների, առաջին հերթին Արեւելյան եվրոպայի երկների, տնտեսության վրա: «Միասնական եվրոպական շուկայի կանոնները կպահպանվեն, եւ Եվրամիությունը կապահովի դրանց կատարումը», - ընդգծել է Բարոզուն, հաղորդում է Deutsche Welle-ը: