5 հունվարի 2021 - 13:50 AMT
«1000 դրամի» հիմնադրամը վերսկսել է դիմումների ընդունումը

Հունվարի 5-ից տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում վերսկսվում է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներից՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը։

Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։