5 հունվարի 2021 - 14:45 AMT
Անհետ կորածների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր որդին ենթադրյալ գերի է, գրում է «Փաստինֆոն»։

«Հույս ունենք, որ գերի է»,- նշել է նա՝ հավելելով, որ իր որդու համածառայակիցների շրջանում եղել են գերիներ, իր որդուն վիրավոր են տեսել։

Նա նշել, որ որդու վերաբերյալ տեսանյութեր չկան, դիմել են Կարմիր խաչին, որտեղից տեսանյութ են պահանջել։ Կինը նշել է, որ զինադադարից հետո սկսել են դիմել պետական այրերին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական ու ծառայողական գաղտնիք է։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո անհետ կորածների ծնողներն ու հարազատները պաբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերլում՝ դիմելով տարբեր պետական մարմիններին։ Նրանք մի քանի հանդիպում են են ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։