Կաթողիկոս․ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն

Կաթողիկոս․ Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն

PanARMENIAN.Net - Անկայուն խաղաղության և պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսևորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին, Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության տոնին հնչեցրած իր ճառում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Աստվածամերժ ոգին և օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր և շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ և ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»,-ասել է Կաթողիկոսը։

Նա նշել է, որ Արցախյան պատերազմի աղետալի հետևանքները «տագնապի ու անորոշության զգացումներով են պաշարել մեր ժողովրդի զավակների հոգիները»։

«Այս խավարի, մղձավանջային այս իրականության մեջ այսօր պայծառորեն ծագում է Արդարության Արեգակը՝ լուսավորելու մեր ազգային ու հայրենական անդաստանը և Իր ջերմացնող զորությամբ բժշկություն պարգևելու ազգիս վիրավոր հոգուն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մարդեղացյալ Աստվածորդու անբավ սիրուն և փրկության շնորհին ապավինելով մենք դարերի ընթացքում հաղթահարել ենք պատերազմների, աղետների տառապանքներն ու զրկանքները, հուսախաբությունն ու հուսալքությունը և կերտել մեր կյանքի հաղթանակները: Այս օրերին ևս մեր հավատքը կենդանի է նույն վստահությամբ»,- ասել է Կաթողիկոսը։

Վեհափառի խոսքով՝ հայ ժողովուրդն ի զորու է կրկին հզորացնելու ու շենացնելու իր հայրենիքը և կյանքի նոր զարթոնքն իրականություն դարձնելու՝ «աշխարհասփյուռ հայության ներուժի ու ջանքերի մեկտեղումով, Հայաստան ու Արցախ համերաշխ ու միաբան հասարակությամբ, զարգացած տնտեսությամբ, գիտությամբ ու կրթությամբ, նորագույն զինտեխնիկայով համալրված բարձր մարտունակությամբ բանակով»։

«Հայրենական կյանքի կայունությունը հաստատուն պահելու, երկիրը վտանգների չառաջնորդելու, առկա ճգնաժամերը հաղթահարելու, արտագաղթի աղետը կասեցնելու համար հարկ է ամեն հանձնառություն, ամեն զոհաբերություն»,-ասել է Գարեգին Բ-ն։

Սուրբծննդյան Պատարագին չի մասնակցել վաարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ խոսնակի՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված, նա ինքնամեկուսացած է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---