Ժամկետայինների ծնողներ․ Երաշխիչք չկա՝ երեխաները կհասնեն Արցախ, թե՝ ոչ

Ժամկետայինների ծնողներ․ Երաշխիչք չկա՝ երեխաները կհասնեն Արցախ, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ։ Նրանք չեն ցանկանում, որ իրենց երեխաներին տանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ, երաշխիչք չկա՝ զինծառայողները կհասնեն Արցախ, թե ոչ։

Ցուցարարները նշել են, որ ժամկետայիններն արձակուրդ էին եկել, դեկտեմբերի 28-ին պետք է վերադառնային Արցախ, ադրբեջանցիները չեն թողել, այդ պատճառով էլ ժամկետային զինծառայողներին բերել են այստեղ, գրում է Panorama. am-ը։

«Ում հարցնում ես՝ երաշխիք կա՞ որ հասնելու են, հրամանատարությունից որևէ մեկը չասաց, որ երաշխավորում են անվտանգությունը»,- ասել է ծնողներից մեկը։

«10-20 օր առաջ վտանգավոր էր, հիմա անվտա՞նգ։ Որևէ մեկը չի ասում, թե ինչո՞ւ է այսօր արդեն անվտանգ»,- նշել է մյուս ծնողը։

Նրանք նշում են՝ դեմ չեն, որ իրենց երեխաները ծառայեն, ուղղակի պահանջում են անվտանգության երաշխիքներ։ Ասում են՝ պատրաստ են իրենց երեխաներին տանել տուն, մինչև երաշխավորեն անվտանգությունը։

Զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում ՊՆ ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---