Անհետ կորածի հարազատ․ Մեզ քաշքշուկի մեջ են գցում, որ հոգնենք, համակերպվենք, հատուկ թաքցնում են թիվը

Անհետ կորածի հարազատ․ Մեզ քաշքշուկի մեջ են գցում, որ հոգնենք, համակերպվենք, հատուկ թաքցնում են թիվը

PanARMENIAN.Net - Պետպաշտոնյաները խաբում են անհետ կորածների հարազատներին, քաշքշուկի մեջ գցում, որ «հոգնեն, համակերպվեն, փոխհատուցում ստանան, լեզուները կարճացնեն», ֆեյսբուքայան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է պատերազմից հետո հարազատներին որոնող Արսեն Ղուկասյանը: Նա լրագրողներին ու իրավաբաններին խնդրել է կապ հաստատել իրենց հետ՝ անհետ կորածների ծնողներին օժանդակելու համար։

«Մեզ խաբում են, քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, փոխհատուցում ստանանք, լեզուներս կարճացնենք: Ելքը մեկն է՝ անզիջում և իրավական պայքար բոլոր նրանց դեմ, որոնք խաբել են մեր երեխաներին, դավաճանել և տարել անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել զինվորականներին, քննիչներին, իշխանությանը, որոնք կոծկում են այս ամենը: Իշխանությունը միտումնավոր է թաքցնում գերիների, անհետ կորածների թիվը, որպեսզի հետո պատասխանատվություն չկրի ծնողների առաջ: Մեզ խաբում են, պատրանք են ստեղծում, թե աշխատում են: Մենք անուններ ունենք՝ պաշտոններով: Եթե մեր իմացած մարդկանցից որևէ մեկը փորձի պլստալ կամ պլստացնել որևէ մեկին, կպատժվեն նրանք էլ, պլստացնողներն էլ»,- հայտարարել է նա:

Արսեն Ղուկասյանը նշել է, որ անհետ կորած զինվորների դիերը գտնելու ծնողների պայքարը հատվածական հաջողություններ է գրանցել միայն ծնողների համառության հաշվին, սակայն իրենց դեմ արդեն ցուցմունքներ կան։

«Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչպես կարելի էր պատերազմի ժամանակ զոհվածների ցուցակներ հրապարակել, թշնամու զոհերը ճշգրիտ հաշվել, իսկ հրադադարից հետո թաքցնել անհետ կորածների թիվը, չկարողանալ հաշվել դրանք: Մեզ պետք են նաև անգլերենի և ֆրանսերենի իմացությամբ փաստաբաններ, որոնք այս հարցով կօգնեն դիմել Եվրոպայի խորհուրդ: Ուզում ենք քննարկել նաև ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները», - ասել է նա։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանում անհետ կորածների հարազատները պարբերաբար ցույցեր են իրականացնում՝ պահանջելով գտնել իրենց մտերիմներին։ Միևնույն ժամանակ Արցախում շարունակվում են զինծառայողների որոնողական աշխատանքները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---