2 մարտի 2009 - 15:12 AMT
Հովհաննես Դավթյանը դարձել է ձյուդոյի Աշխարհի գավաթի արծաթե մրցանակակիրը
Հայաստանի ձյուդոյի հավաքականն ավարտել է իր ելույթները Աշխարհի գավաթի երկրորդ փուլում, որը տեղի ունեցավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում, հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները փետրվարի 28-ին եւ արդեն վերադարձել են Երեւան: Հայ ձյուդոիստներից արդյունավետ ելույթ են ունեցել երկու մարզիկներ` երկուսն էլ 60 կգ քաշային կարգում: Հովհաննես Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Արթուր Սրապյանը` 5-րդ տեղը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը, նրանց համար սա եւս մեկ նախապատրաստական փուլ էր Եվրոպայի առաջնությունից առաջ: «Աշխարհի գավաթը մեզ համար նախապատրաստական բնյութ էր կրում: Գլխավորը ապրիլի 23-26 Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնությանը եւ Մոսկվայում մայիսի 25-29 կայանալիք մրցաշարին պատրաստ լինելն է»,-ասել է Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղերում Հայաստանը ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ ներկայացնում էին 5 մարզիկներ` Հովհաննես Դավթյանը` 2 տեղ (Եվրոպայի արծաթե մրցանակակիր), Արթուր Սրապյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգում)` 5 տեխ., Արմեն Նազարյանը (Եվրոպայի 2003թ. չեմպիոն), Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ քաշային կարգում) եւ Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ քաշային կարգում):