2 մարտի 2009 - 17:54 AMT
«Հայերի սադրանքների» մասին Բեռլինի տեղեկատվությունը Բաքվի հերթական սուտն է
Գերմանիայի ադրբեջանական համայնքն այս տարի Խոջալուի դեպքերի կապակցությամբ բողոքի ցույցեր չի անցկացրել Գերմանիայում Հայաստանի դեսպանության շենքի դիմաց: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Գերանիայում ՀՀ դեսպանության քարտուղար Կարեն Մկրտչյանը: «Մենք գիտեինք, որ Բունդեստագում պատրաստվում էին այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» թեմայով նկարների ցուցահանդես կազմակերպել, բայց ոչ մի այլ միջոցառման մասին մեզ հայտնի չէ: Տեղեկատվությունն այն մասին, որ հայերը փորձել են ադրբեջանցի ակտիվիստների ցույցի ժամանակ կռիվ հրահրել, պարզապես Բաքվի հակահայկական քարոզչության հերթական արտահայտությունն է»,- հայտնել է Կարեն Մկրտչյանը: Նա նաեւ ավելացրել է, որ Գերմանիայի հայկական համայնքում նույնպես հերքել են այդ տեղեկատվությունը: «Եթե անգամ ադրբեջանական համայնքը Խոջալուի դեպքերի կապակցությամբ ինչ-որ միջոցառումներ է կազմակերպել Բեռլինում, գերամանական ԶԼՄ այդ մասին ոչինչ չի հաղորդում»,- հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարը:

1news.az ադրբեջանական գործակալությունը հաղորդել է, որ Բեռլինում անցկացրած ցույցի ժամանակ, որին մասնակցել են Գերմանիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, ցուցարարաներին մոտեցել է մի հայ, որը «ակնհայտորեն բորբոքել է ցույցի մասնակիցներին»: