ՊԵԿ․ Խաղատներում նախատեսվում է ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ

ՊԵԿ․ Խաղատներում նախատեսվում է ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: Խաղատներում նախատեսվում է ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ գործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում, և միանալու են մոնիտորինգային կենտրոնին: Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները և ստացվող շահումները:

ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը:

«Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես` չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի և վճարված շահումների գործընթացը»,-տեղեկացնում է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը:

Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիտորինգային կենտրոնի գաղափարն իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձևակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների և ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման և իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Զաքարյանը վստահեցնում է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը և գնահատել փաստացի իրացման շրջանառությունը.

Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---