Փաշինյանի նախկին խորհրդական․ Անհնար է հաղորդակցությունը մի երկրով, որտեղ ՀՀ քաղաքացիները պատանդ են

Փաշինյանի նախկին խորհրդական․ Անհնար է հաղորդակցությունը մի երկրով, որտեղ ՀՀ քաղաքացիները պատանդ են

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնությանը, հայտարարել է, որ անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պատանդ են պահվում։

«Բանաձևը պարզ է. չկա գերիների վերադարձ, չկա ենթակառուցվածքների ապաշրջափակում»,- գրել է Խառատյանը։

Նա նշել է, որ Փաշինյան-Ալիև-Պուտին հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից ակնհայտ դարձավ, որ նոյեմբերի 10-ով նախատեսված գերիների վերադարձի հարցը չի լուծվում:

«Սա կարող է երկու բան նշանակել. կամ Պուտինը չի ցանկանում լուծել խնդիրը, կամ անկարող է դա անել: Հիմա որքան էլ գործող քաղաքական մեծամասնության գործընկերները պնդեն, թե ռուսներն այս հարցում մեզ հետ են, փաստերը հուշում են, որ սա ոչ այլ ինչ է քան ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

Այսպիսով Հայաստանն ունի երկու անելիք.

1. Գերիների վերադարձը ձևակերպել որպես նախապայման մինչև նոր հայտարարությամբ նախանշված գործողությունների ուղղությամբ որևէ քայլ անելը` հղվելով նոյեմբերի 10-ի հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտության վրա:

2. Հաշվի առնելով հարցը կարգավորելու Մոսկվայի անկարողությունը, մեր ձեռքերն ամբողջությամբ ազատ են ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող մյուս 2 մայրաքաղաքների և ուժային այլ կենտրոնների հետ գերիների վերադարձն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ տանելու տեսանկյունից:

Այսպիսով արձանագրում ենք, որ հունվարի 11-ին ստորագրված նոր հայտարարությունն անհնար է իրագործել, քանի դեռ ավարտին չի հասցվել նոյեմբերի 10-ով նախատեսվածի անելիքները: Մասնավորապես, անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ»,- ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Կողմերը, սակայն, հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---