2 մարտի 2009 - 18:45 AMT
Ադրբեջանում հայերեն լեզվով հեռուստաալի՞ք է հեռարձակվելու
Ադրբեջանում սկսել են պատրաստվել մի հեռուստաալիքի բացման, որը եթեր է հեռարձակվելու ռուսերեն, հայերեն, անգլերեն, թուրքերեն եւ պարսկերեն լեզուներով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային խորհրդի (ՀՌԱԽ) նախագահ Նուշիրեւան Մագերրամլին: Նրա խոսքով, նոր հեռուստաալիիքը պետական չի լինելու, ինչի կապակցությամբ ՀՌԱԽ արդեն դիտարկում է մի շարք շահագրգռված մասնավոր ընկերությունների դիմումները:

Թե ինչպիսին է լինելու միջազգային հեռուստաալիքի բնույթը եւ որ հաճախականությամբ է այն հեռարձակվելու, դեռեւս որոշված չէ: Մագերրամլին միայն նշել է, որ ՀՌԱԽ պահեստային հաճախականություններ ունի եւ «դրա հետ խնդիրներ չեն ծագի»:

ՀՌԱԽ ղեկավարը պարզաբանել է, որ զանազան լեզուներով հեռարձակվող հեռուստաալիքի բացման մասին որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանում դադարեցվեց օտարալեզու ռադիոկայանների հեռարձակումը: Նա նաեւ նշել է, որ յուրաքանչյուր լեզվի չափաբաժինը հեռարձակման ցանցում դեռեւս որոշված չէ: Հեռուստաալիքի բացման մրցույթը կարող է հայտարարվել արդեն մարտին, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: