Գարեգին Բ. Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիներն ու հուշարձանները վտանգված են

Գարեգին Բ. Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական եկեղեցիներն ու հուշարձանները վտանգված են

PanARMENIAN.Net - Արցախում Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են։ Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ հավելելով, որ Բաքուն հրաժարվում է արտոնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք կարողանան գնահատել դրանց վիճակը, գրում է «Իզվեստիան»։

Ամենայն հայոց կաթողիկոսը հավելել է, որ ռուս խաղաղապահները մեծ ջանքեր են գործադրում՝ ապահովելու հուշարձանների և կոթողների պահպանությունը։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցմանն անձամբ նպաստելու համար։

Գարեգին Երկրորդը նշել է, որ ՀԱԵ-ն հատուկ բաժին ունի, որը զբաղվում է միջազգային նշանակության հուշարձանների ու կոթողների պահպանությանն առնչվող հարցերով։ Ըստ նրա՝ եկեղեցին դիմել է աշխարհի հոգևոր առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին և կառույցներին, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ին։

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այդ թվում՝ ՌԴ, ջանքերով հնարավոր կլինի անհապաղ գործողություններ ձեռնարկել հուշարձանների պահպանության ուղղությամբ։

Իր հերթին ՌԳԱ Հյուսիս-Արևմտյան ինստիտուտի կառավարման և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն նշել է․ «Ադրբեջանի տարածքում և Լեռնային Ղարաբաղում համաշխարհային նշանակության հայկական հուշարձանների քանակը բավականին մեծ է։ Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող է հսկել դրանց պահպանությունը, ՅՈւՆԵՍԿՕ-ն է։ Իսկ հիմա, երբ Ադրբեջանը չի ուզում թույլ տալ փորձագետներին այցելել Ղարաբաղ, դա էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում։ Եվ ոչ միայն հայկական կողմի մոտ։ Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, կարող է ստանձնել այդ առաքելությունը՝ առաջ մղել ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների այցի արտոնման հարցն ու որոշակի երաշխիքներ տալ հայկական կողմին»։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Ադրբեջանը հոկտեմբերի 8-ին մը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Ադրբեջանցիները վնասել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ)` ոչնչացնելով դրա գմբեթները։

Ադրբեջանցի զինծառայողները տապալում են նույնիսկ հայկական գերեզմանների շիրմաքարերը, կոտրում խաչքարերը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---