3 մարտի 2009 - 10:40 AMT
ԼՂՀ-ի հետ բանակցություններից Բաքվի հրաժարվելը վկայում է Ադրբեջանի թույլ դիրքորոշման մասին
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 28--ից մինչեւ մարտի 1-ը ԼՂՀ կատարած այցի ընթացքում ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն արդարացիորեն ուշադրությունը հրավիրել է հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծման վրա: Այդ առնչությամբ, իմ կարծիքով, կարեւոր է հաշվի առնել, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում շուտափույթ առաջխաղացման համար հարկ է վերացնել գոյություն ունեցող լուրջ խոչընդոտները», - հաղորդվում է ԼՂՀ արտգործնախարարի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանի PanARMENIAN.Net-ին տրամադրված հոդվածում:

Նրա կարծիքով, համաձայնության ձեռքբերման ճանապարհին կարեւորագույն խոչընդոտն այն հանգամանքն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, փաստացի, հեռացվել է բանակցային գործընթացից, թեեւ իրավաբանորեն այն գործընթացի մասնակից է` համաձայն ԵԱՀԿ եւ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հակամարտությանն առնչվող այլ միջազգային կառույցների պաշտոնական փաստաթղթերի: «Բանակցային գործընթացին ԼՂՀ վերադարձի մասին համաշխարհային քաղաքական գործիչների ճիշտ հայատարարությունները բախվում են Ադրբեջանի ապակառուցողական հակազդմանը եւ մինչ այժմ կյանքի չեն կոչվել: ԼՂՀ հետ ցանկացած բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելն առավել իռացիոնալ ձեւեր է ընդունել եւ վկայում է Ադրբեջանի թույլ բանակցային գործընթացի մասին», - ընդգծել է Զարգարյանը:

ԼՂՀ արտգործնախարարի խորհրդականը նաեւ նշել է, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության պատճառները հաշվի չառնող համաձայնագիրը կարող է հարատեւ չլինել: «Առանց պատճառները վերացնելու հնարավոր չէ վերացնել հետեւանքները: Ադրբեջանը հրաժարվում է լուծել հիմնական խնդիրը - հակամարտության հիմնական պատճառը` Ղարաբաղի ժողվրդի անվտանոգւթյան ապահովումը, որի մեխանիզմն ու կարեւորագույն երաշխիքը ԼՂՀ անկախության ճանաչումն է: Բաքուն նաեւ հրաժարվում է ոչ միայն լուծել, այլ նույնիսկ քննարկել Ադրբեջանի կողմից ԼՂՀ հողերի զավթման, Հյուսիսային Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ հայ փախստականների խնդիրը: Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը, եթե այն ընդհանրապես կարելի է որպես դիրքորոշում որակել, բաղկացած է ԼՂՀ հանդեպ միանգամայն անհիմն տարածքային պահանջներից եւ հանգեցնում է առաջին փուլում` Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրված պատմական շրջանների հանձնմանը Բաքվին` երկրորդ փուլում ողջ Լեռնային Ղարաբաղի ռազմական զավթման համար հարմար դիրքերի ստեղծման նպատակով: Այդպիսով, բանակցությունների նախնական փուլը պետք է լինի համաշխարհային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը - ԼՂՀ ու Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը, որից հետո առավել հեշտ եւ արագ կլինի հակամարտության հետեւանքների, փոխադարձ հիմունքով տարաքծների եւ փախստականների խնդիրների լուծումը», - նշել է նա:

Ռուբեն Զարգարյանը նաեւ ընդգծել է, որ հակամարտության կարգավորման խոչընդոտներից մեկն էլ Ադրբեջանի կողմից տարածված միֆն է այն մասին, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանն այնքան թույլ է, որ հարկադրված կլինի միակողմանի զիջումների գնալ: «Դրան զուգահեռ, չափազանցվում են Ադրբեջանի նավթային եւ գազային հնարավորությունները, որոնց հիման վրա սակարկություն է գնում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ: Անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանում նավթային պաշարները նվազագույնն են», - ընդգծել է Զարգարյանը: