15 հունվարի 2021 - 14:33 AMT
ԱԱԾ․ 43 հատ «Կալաշնիկով» Արցախից ՀՀ բերած անձին մեղադրանք է առաջադրվել

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերած և պահած հանցավոր խումբ: 43 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգ Արցախից ՀՀ բերած անձին մեղադրանք է առաջադրվել։

Երևանի բնակիչ Ս.Բ.-ն, սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մասնակցելով Արցախի դեմ պատերազմին, մի շարք անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրացման նպատակով, ապօրինի ձեռք է բերել ինքնաձիգներ, որոնք Արցախից փոխադրել և պահել է Երևանի իր բնակարանում, իսկ նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 դոլարով վաճառելու պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրգործով, մասնավորապես՝ Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և շրջանառությունն արգելված այլ իրեր:

Քրգործով որպես մեղադրյալ ներգրավված Ս.Բ.-ին հրազեններ իրացրած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Սյունիքի Տեղ գյուղում գտնվող թաքստոցներից հայտնաբերվել է մարտի դաշտից իրացման նպատակով ապօրինի ձեռք բերված և պահված մեծաքանակ ռազմամթերք:

Խուզարկություններով հայտնաբերվել են մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստան ապօրինի տեղափոխած ընդհանուր 43 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 279 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտ, 7 հատ փամփշտատուփ` լիցքավորված 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, 23 հատ փամփշտատուփ` լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամուշտներով, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, 1 հատ փամփշտատուփ՝ 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, 32 հատ փակ տուփերով փոքր չափերի փամփուշտներ, ինքնաձիգների նշանառության համար նախատեսված օպտիկական սարքեր, որսորդական հրացաններ, 227 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1033 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ նռնակ, որսորդական հրացանի փողեր և այլն:

ԱԱԾ-ն շարունակում է ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար: