3 մարտի 2009 - 13:16 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը ներկայացված չէ որպես «օկուպանտ երկիր»
ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների գծով զեկույցը ներկայացնում է Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքների գծով զեկույցը ներկայացնում է պետդեպարտամենտի պաշտոնական դիրքորոշումը, սակայն այն չի կարող ամերիկյան վարչակազմի հայտարարությունը համարվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք»,-նշել է Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, պետդեպարտամենտի զեկույցում չկա «օկուպանտ« կամ «օկուպացիա» բառը: «Ես խորհուրդ կտամ սկզբում ընթերցել զեկույցը, հետո միայն հանդես գալ մեղադրանքներով: Դուք կտեսնեք, որ այնտեղ նման որակումներ չկան»,-հավելել է ամերիկացի համանախագահը:

ԱՄՆ պետդեպարտամենտի փետրվարի վերջում հրապարակված զեկույցում, մասնավորապես, ասված է. «Ազգությամբ հայ ծայրահեղականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի մարզն ու նրան հարակից յոթ ադրբեջանական շրջանները»: