Առնո Բաբաջանյանին և Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշամեդալներ՝ ԿԲ-ից

Առնո Բաբաջանյանին և Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշամեդալներ՝ ԿԲ-ից

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկն Առնո Բաբաջանյանի 100-ամյակի ու Գրիգոր Տաթևացու 675-ամյակի կապակցությամբ 2 հուշադրամ է թողարկել, փոխանցում են ԿԲ-ից։

Կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանին (1921-1983 թթ.) նվիրված հուշադրամի դիմերեսին հարսանեկան զույգ է, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ, դարձերեսին՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հայոց եկեղեցու վարդապետ, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ Գրիգոր Տաթևացու (1346-1409 թթ.) ծննդյան 675-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Տաթևի վանքն է, դարձերեսին՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին: Էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես) և Լուսինե Լալայանը (դարձերես):

Հուշադրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում: Արծաթյա հուշադրամների անվանական արժեքը 1000 դրամ է։

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---