Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել

Լավրով․ Գերիների ցուցակները ճշտվում են՝ սկզբնական փուլում հայկական կողմն ամբողջական ցուցակ չէր տվել

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, 2020թ․ արդյունքների ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասել է, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։

Ըստ նրա՝ սկզբից հարկավոր էր, որ և ՀՀ-ն, և Ադրբեջանը կազմեն գերիների և կորած անձանց ցուցակները՝ այս առումով, առավելապես խնդիրներ ունեցավ հայկական կողմը։

«Ադրբեջանը ներկայացրեց այդ ցուցակը, այն մեծ չէր, և բոլորը, ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին՝ նրանք, ովքեր ընդգրկված էին ադրբեջանական ցուցակում։ Ադրբեջանի կողմից այլևս գերիների, կորածների վերաբերյալ հարցեր չառաջացան»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ հայկական կողմն ամբողջական ցուցակներ չի ներկայացրել, հետագայում փոխանակվեցին այն անձինք, որոնք մասնակցել էին իրադարձություններին մինչև նոյեմբերի 10-ը։

«Սակայն, հիմա գլխավոր հարցը կապված է հայ զինծառայողների հետ դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում։ Նրանք գերի են ընկել մեկ շաբաթ, 10 օր անց՝ դեկտեմբերի սկզբին, 62 մարդ»,- ասել է Լավրովը։

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ ադրբեջանական կողմն այս փուլում հայտարարել է՝ քանի որ այդ մարդիկ Հադրութում են հայտնվել մարտական գործողությունների դադարից հետո, նրանց հարցն առանձին պետք է դիտարկվի, ոչ թե նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն։

«Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցը քննարկելու անհրաժեշտությունը՝ փակելու համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ փորձելով ճշտել վերջնական ցուցակները, բայց պարզվել է, որ այդ անձանց թիվը 62-ից զգալիորեն ավելի է։ Եվ այժմ մեր զինվորականները ՀՀ և Ադրբեջանի զինվորականների հետ կապի մեջ են։ Այժմ արդեն անվանական այդ ցուցակները ճշտվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ»,- ասել է Լավրովը։

Լավրովը նշել է նաև, որ եթե Արցախում ռուս խաղաղապահներ չլինեին, գերիների փոխանակման հարցը շատ ավելի բարդ կլիներ լուծել։

Պատասխանելով եռակողմ հայտարարության հնարավոր «գաղտնի հավելվածների մասին հարցին՝ Լավրովն ասել է, որ ոչ մի նման բան չկա։

«Ոչ մի գաղտնի հավելված չկա։ Եվ ես չեմ տեսնում, թե ինչ թեմաներ կարող էին ինչ-ինչ «գաղտնիքներ» առարկա դառնալ»,- ասել է Լավրովը։

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

Պատերազմի ամբողջ ընթացքում սոցցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գլխատելու, ականջ կտրելու, գնդակահարելու, խոշտանգելու բազմաթիվ հոլովակներ են հրապարակվել։

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան