Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը

PanARMENIAN.Net - Մահացել է հայտնի դերասան, բեմադիրչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը։

Նա 68 տարեկան էր։ Դերասանը մահացել է ուղեղի կաթվածից։

Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։

1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 2007 թվականից դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարում է ռեժիսորական կուրս։ 2007 թվականին Մոսկվայում բեմադրել է «Ոսկե նուռ» տոնահանդեսը։

2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր։

Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---