3 մարտի 2009 - 16:54 AMT
ՀՅԴ-ի know-how-ն. Եկամուտները քիչ են, ծախսերը` շատ
Տնտեսական սուբյեկտների հարկային բեռի նվազեցումը կօգնի ավելացնելու պետբյուջեի ծախսերը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով, կուսակցության կողմից Հայաստանի կառավարություն են ուղղվել բյուջեի վերանայման առաջարկներ: «Պետք չէ կրճատել բյուջեի ծախքի բաժինը, ընդհակառակը` անհրաժեշտ է նվազեցնել եկամուտը` նվազեցնել տնտեսական սուբյեկտների հարկային բեռը»,- ասել է նա` ներկայացնելով կուսակցության առաջարկները:

Նրա խոսքով, օգտվելով այն փաստից, որ Հայաստանի բյուջեում արձանագրվել է դեֆիցիտի ցածր մակարդակ (25%-ից ցածր), ինչպես նաեւ հաշվի առնելով այն ֆինանսական օգնությունը, որը երկիրը կստանա իր գործընկերներից ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար, կարելի է նվազեցնել բյուջեի եկամուտը: Ինչպես պարզաբանել է Նռանյանը, դա կօգնի նվազեցնելու տնտեսական սուբյեկտների հարկային բեռը եւ հնարավորություն կընձեռի` իրականացնելու համապատասխան ծախսեր: Իսկ եթե հրաժարվել ծախսերից, ապա, պատգամավորի կարծիքով, Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի կլինեն: «Դա բացատրվում է նրանով, որ այսօր Հայաստանի կառավարությունը միջոցներ է ներդնում կապիտալ շինարարության եւ սոցծրագրերի ֆինանսավորման համար»,- ասել է նա:

Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի Հսկիչ պալատի հետազոտությունների համաձայն, բյուջեի ծախսային բաժնի իրականացման արդյունավետության առումով լուրջ բացթողումներ կան: ՀՊ գնահատման վերաբերյալ համապատասխան արձագանք է ստացվել նաեւ ՀՀ կառավարությունում: Մասնավորապես, ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը չի բացառել ծախսերի կրճատման հնարավորությունը ոլորտներում, որոնցում դրանք անարդյունավետ էին իրականացվում: