AgoraVox. Բաքուն ԼՂ դեմ պատերազմում ՆԱՏՕ-ի զենք է կիրառել

AgoraVox. Բաքուն ԼՂ դեմ պատերազմում ՆԱՏՕ-ի զենք է կիրառել

PanARMENIAN.Net - Ֆրանսիական AgoraVox-ը, անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված վերջին պատերազմին, գրել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ ՆԱՏՕ-ի զենք է օգտագործել։ Հոդվածում նշվում է, որ դեռևս 2018-ին ադրբեջանական բանակը սպառազինվել է չեխական արտադրության հաուբիցներով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ինչի մասին հայտարարել է հենց այդ երկրի ՊՆ-ն, գրում է «ԻնոՍՄԻ»-ին։

Ադրբեջանի զորավարժությունների վերաբերյալ տեսանյութում ներկայացվել են չեխական արտադրության 152 մմ տրամաչափի DANA հաուբիցներ՝ ինքնագնաց հրետանային համակարգեր, ինչպես նաև 122 մմ տրամաչափի RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մինչդեռ, ինչպես նշվում է հոդվածում, ՆԱՏՕ-ում ներքին կանոն կա, որի համաձայն՝ հակամարտության կողմերին զենք չի վաճառվում։ Չեխական սպառազինության առաքումն Ադրբեջան առաջին նախադեպը դարձավ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հարձակողական զենք է մատակարարում հակամարտության կողմերից մեկին։

Ադրբեջանին զենք վաճառելու մասին տեղեկությունը բողոքի ալիք էր բարձրացրեց Չեխիայում, իշխանությունները շտապել էին հերքել լուրը՝ հայտարարելով, որ Czechoslovak Group-ի փաստաթղթերում արտադրության վերջանկետ էր նշված Իսրայելը։

Լրագրողական հետաքննության ընթացքում ապացուցվել է, որ առուվաճառքին մասնակցել են Czechoslovak Group-ին պատկանող չեխական Real Trade Praha և սլովակյան MSM Martin ընկերությունները, որոնք նախկինում արդեն փորձել են Ադրբեջան հաուբիցներ և հրթիռային արկեր առաքելու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն։ Լրագրողները նաև պարզել են, որ տրանսֆերին մասնակցել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությունը, որը գործում է դիվանագիտական քողարկմամբ։

Քանի որ Չեխիայում զենքի արտահանման թույլտվությունն Արդյունաբերության նախարարությունը տալիս է ՊՆ, ԱԳՆ և Ներքին գործերի նախարարության դրական եզրակացության հիման վրա, ակնհայտ է, որ չեխական գերատեսչությունները դրական եզրակացություն են տվել ռազմատեխնիկան Ադրբեջանին վաճառելուն։ Թեև սկզբից բոլոր նախարարությունները պնդում էին, որ զենքն արտահանվել է Իսրայել, առաքման արտոնագրում իսրայելյան ընկերության հետ մեկտեղ նշված է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ուստի, ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն իր կոռումպացված քաղաքական գործիչներով առանց խղճի խայթի նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը և առաջնահերթ համարել ոչ թե մարդկային կյանքերը, այլ իր ռազմավարական շահերը՝ առաջին հերթին նավթը»,- ասվում է Ֆիլիպ Հալֆինի հոդվածում։

Չեխական արտադրության DANA հրետանային համակարգերն առաջին անգամ ներկայացվել են 1977-ին: Կրակի հեռահարությունը հասնում է 19 կմ, իսկ արդիականացված տարբերակը կարող է կրակ վարել մինչև 25,5 կմ հեռավորության վրա: RM-70 հրետանային համակարգն ունի 40 ուղղորդիչով 122 մմ տրամաչափի հրթիռ: Այն համաչափ է ռուսական արտադրության «Գռադ» համակարգերին: Համակարգը չեխական Tatra 815 բեռնատարի բազայի վրա է:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---