3 մարտի 2009 - 20:53 AMT
Հայաստան. Տաղավարները դատարկվում են, սուպերմարկետների ղեկավարությունը սպասում է գների բարձրացմանը
Այսօր Star սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը 2 ժամում դադարեցրեց իր խանութների գործունեությունը տարադրամի շուկայում առաջացած խուճապի պատճառով, որի կապակցությամբ բնակչությունը սկսեց գնել առաջին անհրաժեշտության ապրանքը: Տաղավարները դատարկվում են, իսկ սուպերմարկետների ղեկավարությունը սպասում է մթերքի գների բարձրացմանը: «Սթար» սուպերմարկետի ղեկավարությունը հրաժարվել է պատասխանել PanARMENIAN.Net-ի թղթակցին հետաքրքրող հարցերին, բայց հաղորդել է, որ մոտ ապագայում սպասվում է գների բարձրացում:

Մեկ այլ խոշոր սուպերմարկետի` SAS-ի ղեկավարությունը չի մտահոգվում տարադրամի շուկայում ստեղծված իրադրության մասին եւ վստահ է, որ արտասահմանյան տարադրամի փոխարժեքի եւ գների բարձրացման հետ կապված դեռեւս ոչ մի խնդիրներ չեն սպասվում: Առավոտից SAS եւ Star սուպերմարկետների ցանցում գործում են նախկին գները:

Սուպերմարկետներում տարադրամի փոխարժեքները ներկայումս. $1 - 350-395 դրամ, 1 ՌԴ ռուբլի - 9-12 դրամ, 1 եվրո - 420-505 դրամ:

Ներկա պահին, Հայաստանի տնտեսական մրցունակության պաշտպանության Պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) տվյալներով արդեն արձանագրվել է որոշ ապրանքների գների բարձրացում, բացատրություններ են ստացվել խոշոր տնտեսող սուբյեկտներից, զգուշացումներ են ներմուծվել, օրենսդրության նորմերի պարզաբանումներ են տրվել, որի շնորհիվ որոշ չափով տեղի ունեցավ գների զսպում:

Մարտի 3-ի առավոտյան` նախքան Կենտրոնական բանկի հայտարարությունը, Երեւանի տարադրամի փոխանակման կետերում միջին փոխարժեքը կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ: Այժմ բանկերը հաստատել են տարադրամի փոխարժեքը 1 դոլարի համար 350-395 սահմաններում: Վերջին մի քանի օրը Հայաստանի բանկերը սահմանափակել են տարադրամի վաճառքը ֆիզիկական անձանց: