Վրաստանի արդարադատության նախարարությունը ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին մերժել է ստանձնել Չախալյանի պաշտպանությունը

PanARMENIAN.Net - 2009թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժեց արտոնել Ֆրանսիայի Հանրապետության փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամ` Պատրիկ Արապյանին ստանձնելու ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ` Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր եւ կրտսեր եղբոր պաշտպանությունը նրանց նկատմամբ ներկայումս ընթացող դատավարությունում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է «Երկիր» միությունը:



«Մերժման որեւէ հիմք` Վահագն Չախալյանի մորը` տկն Գայանե Չախալյանին, հասցեագրված Արդարադատության նախարարության նամակում նշված չէ: Ընդհակառակը, նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, բայց Արդարադատության նախարարությունը, «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պատրիկ Արապյանին ընթացող դատավարությունում որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը:



«Երկիր» միությունը գնահատում է այս մերժումը որպես վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ եւ կոպիտ խախտում: Այս փաստը եւս մեկ ապացույց է, որ ջավախքահայ գործչի նկատմամբ ընթացող դատավարությունը բացառապես քաղաքական է, ավելին` նրա ընթացքը բացահայտորեն ուղղորդվում եւ համաուղղվում է վրացական իշխանությունների կողմից:



Վրացական իշխանությունները այս մերժմամբ եւս մեկ անգամ ապացուցում են, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով նրանք չեն խորշի ո'չ հակաօրինական միջոցներ օգտագործելուց եւ ո'չ էլ խայտառակ խախտումներ կատարելուց: Ելնելով վերոնշյալից` «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` համապատասխան գնահատական տալու փաստաբանի գրանցման մերժման փաստին եւ ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ շինծու գործով դատավարությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով»,- ասվում է «Երկիր» միության հայտարարության մեջ:



2008թ. հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը վրացի հատուկ ջոկատայինները եւ տեղական ոստիկանության ուժերը ներխուժեցին «Միացյալ Ջավախք»-ի ղեկավար Վահագն Չախալյանի տուն, ձերբակալեցին նրան եւ նրա ընտանիքի անդամներին` հորը, մորն ու եղբորը: Չախալյանի ողջ ձերբակալության ընթացքում գործի ընդամենը երեք լսում է եղել, որոնց ժամանակ դիտորդները, այդ թվում` Վրաստանի հաշտարարի գրասենյակից, արձանագրեցին ամենակոպիտ իրավախախտումներ: Դեկտեմբերի 3-ին Չախալյանին նոր մեղադրանքներ ներկայացրեցին եւ դատը հետաձգեցին անորոշ ժամկետով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---