Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Խաչատրյաններից․ Դատարանի վճիռն է

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Խաչատրյաններից․ Դատարանի վճիռն է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերքել ու ներողություն խնդրել իր խոսնակ Մանե Գևորգյանի էջով Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հասցեին վիրավորանք և զրպարտություն հնչեցնելու համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրայանի ու նրա որդիների դեմ 2018-ից հետո քրգործեր են հարուցվել։ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ 2020-ի հոկտեմբերին Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Դատարանը հիմնավորված է համարել Խաչատրյանների հայցը և պարտավորեցրել է պատասխանող Նիկոլ Փաշինյանին՝ իր խոսնակ Մանե Գևորգյանին պատկանող պաշտոնական էջում կատարած հրապարակային գրառումը հերքել։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին Facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար, գրառման մեջ նշված՝ «Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների կողմից կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ ղեկավարած լինելու, ինչպես նաև ապօրինի հարստություն կուտակած լինելու վերաբերյալ պնդումը: Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ընդունել են իրենց կամ ընտանիքի այլ անդամների կողմից պետությանը վնաս պատճառելու փաստը, թալանելու փաստը, կամ պատրաստակամություն են հայտնել որպես թալանած գույք որևէ բան պետությանը վերադարձնելու մասին» իրականությանը չեն համապատասխանում»,-ասվում է պահանջվող հերքման տեքստում։

Գևորգյանի ֆեյսբուքյան էջում ներողության և հերքման տեքստերը տեղադրելու անհնարինության դեպքում՝ դատարանը որոշել է պարտավորեցնել Փաշինյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներողություն խնդրել առնվազն 5000 տպաքանակ և երկրի ամբողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով ներողության նույն բովանդակությամբ տեքստը։

Հայցվորները նյութական վնասի պահանջ չէին ներկայացրել, սակայն ներկայացված դատական ծախսի փոխհատուցման պահանջը մասնակի բավարարվել է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կգանձվի 8000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի, ինչպես նաև` 500,000 դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման մասով:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

 Ուշագրավ
Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն
Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին
Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է