3 մարտի 2009 - 21:13 AMT
Հայաստանի իշխանությունները մտադրված են պայքարել գների անհիմն բարձրացման դեմ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձեռներեցներին կոչ է անում ձեռնպահ մնալ գների անհիմն բարձրացումից: «Իրադրությունը շուկայում հսկողության տակ է, եւ անհրաժեշտության դեպքում ՏՄՊՊՀ արձագանքը չի հապաղի»,- ասվում է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան հրավիրած խորհրդակցությանը Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը Հանձնաժողովի աշխատակազմին հանձնարարեց ընդլայնել առաջին անհրաժեշտության ապրանքների մոնիտորինգը: Մոնիտորինգի ենթակա ապրանքների ցանկը հասցվել է 40-ի (25-ից), հաճախականությունն առայժմ ամենժամյա է: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր օրվա ավարտին` հնարավորինս օպերատիվ արձագանքի համար: Ստեղծված աշխատանքային խումբը մոնիտորինգի ամենժամյա արդյունքներից ելնելով, ձեռնարկում է որոշակի քայլեր:

ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել են որոշ ապրանքների բարձրացումներ, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ստացվել խոշոր տնտեսվարողներից, կատարվել են նախազգուշացումներ, տրվել են օրենքի պարզաբանումներ, ինչի շնորհիվ որոշակի չափով գների զսպում է տեղի ունեցել:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում է տնտեսվարողներին` հատկապես խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրային գործունեություն իրականացնեղներին, շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտներին, ինչպես նաեւ արտադրողներին, ձեռնպահ մնալ դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադարձի պատճառաբանությամբ գների չհիմնավորված բարձրացումներից, գերիշխող դիրքի չարաշահումներից կամ հակամրցակցային համաձայնություններից: Շուկայում իրավիճակը հսկողության տակ է եւ անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի արձագանքը չի ուշանա: