3 մարտի 2009 - 21:48 AMT
Բաքուն չի մասնակցելու ՍՏՀԿ շրաջանակներում Երեւանում կայանալիք մշակութային միջոցառումներին
Ադրբեջանի պատվիրակությունը չի ժամանի Երեւան, որտեղ մի շարք մշակութային միջոցառումներ տեղի կունենան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) Հայաստանի նախագահության շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»:

ՍՏՀԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում, մարտի 4-ին եւ 5-ին Երեւանում կկայանա «ՍՏՀԿ պատմա-մշակութային հուշարձանների պահպանությունն ու վերականգնումը» կլոր սեղանը, տեղի կունենան ՍՏՀԿ երկրների նկարիչների` Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ Էսթետիկայի ազգային կենտրոնում` «Սեւ ծովին` արեւոտ երկինք» վերնագրով մանկական աշխատանքների ցուցահանդեսների բացումներ: Տեղի կունենան նաեւ ՍՏՀԿ մասնակից երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանը նվիրված ֆիլմերի ցուցադրություններ: