3 մարտի 2009 - 22:05 AMT
Հայաստանի ԿԲ-ի նոր քաղաքականությունը միջազգային մասնագետների գնահատականն է
Չնայած Հայաստանի ազգային արժույթի կտրուկ տատանումների ՀՀ ԿԲ նոր քաղաքականության առնչությամբ դիտարկվող բացասական ազդեցությանը, մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ հանդես են եկել դրամի լողացող փոխարժեքին անցնելու օգտին:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ, հայկական ազգային արժույթը գերագնահատվել է 17-30 տոկոսով, ինչը, վաղ թե ուշ, պետք է հանգեցներ բավականին ողբալի հետեւանքների` գերսղաճի: Խոսելով, լողացող փոխարժեքին անցնելու դրական կողմի մասին, միջազգային կառույցները, մասնավորապես ԱՄՀ-ը եւ Համաշխարհային բանկը, նշում են, որ դրամի բարձր փոխարժեքի պայմաններում բարձրանում է արտահանության արժեքը, ինչը բացասական է անդրադառնում երկրի տնտեսության աճի վրա:

Միեւնույն ժամանակ, նշվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) հաղորդագրության մեջ, լողացող փոխարժեքը մեծ չափով կնպաստի միջազգային շուկաներում երկրի միցունակության ամրապնդմանը, ինչպես նաեւ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսության վրա բացասական արտաքին ազդեցության չեզոքացմանը: «Հայաստանը, խելամիտ տնտեսական մենեջմենթի, պետական պարտքի ցածր մակարդակի եւ հուսալի բանկային համակարգի շնորհիվ, ի վիճակի է ամուր պաշտպանիչ գիծ ստեղծել գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում», - գտնում են Համաշխարհային բանկում:

Ինչ վերաբերում է մեդալի մյուս կողմին, մասնավորապես, Հայաստանի ազգային արժույթի փոխարժեքի անկման աստիճանին, ապա միջազգային մասնագետները ձեռնպահ են մնում ճշգրիտ գնահատականներից` սահմանափակվելով ԱՊՀ մյուս երկրների հետ համեմատությամբ: «Հայաստանի դեպքում մենք ակնկալում ենք առվել քիչ արժեքազրկում, քան Ռուսաստանում, եւ, ամենայն հավանականությամբ, փոքր-ինչ ավելի մեծ, քան Վրաստանում»,- նշում է Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա գնահատմամբ, դրամի արժեքազրկման աստիճանը նման կլինի Բելառուսի եւ Ղազախստանի արտարժույթի արժեքազրկմանը` կազմելով մոտավորապես 20 տոկոս կամ շուրջ 370 դրամ մեկ դոլարի դիմաց: Կանխատեսելով ապագայում Հայաստանի տնտեսության վիճակը, Օմեսն ավելացրել է, որ Հայաստանում ակնկալվող սղաճը կկազմի շուրջ 8 տոկոս, ինչը, իրականում, այնքան էլ վատ ցուցանիշ չե: Մինեւնույն ժամանակ, ԱՄՀ-ը կանխատեսում է ՀՆԱ-ի անկում մոտավորապես 1,5 տոկոս մակարդակով: Օմեսի խոսքերով, այդ կանխատեսումը պայմանավորված է մետաղների` Հայաստանի արտահանվող առանցքային ապրանքի գներով, ինչպես նաեւ երկիր մասնավոր դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ: