ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ քննարկել է գերիների վերադարձի, Արցախի մշակությաին կոթողների պահպանման հարցերը

ԱԳ նախարարը Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարի հետ քննարկել է գերիների վերադարձի, Արցախի մշակությաին կոթողների պահպանման հարցերը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական հարաբերությունների տնտեսական օրակարգը, ԼՂ պատերազմից հետո գերիների վերադարձի ու Արցախում պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերը։

Սա Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամսվա ընթացքում՝ երկրորդը։

Այվազյանը նշել է, որ այցի նպատակը հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգն ընդլայնելն է, իրենք շարունակել են քննարկումներն ապագայում ներդրումային ծրագրերի վերաբերյալ։

«Մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը»,–նշել է ԱԳ նախարարը։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից` «հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար»:

Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպմանն Այվազյանը քննարկել է նաև հայ մշակութային ժառանգության պահպանության հարցը:

«Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն»,–ասել է նա։

Հայկական կողմը պատերազմից հետո բազմիցս բարձրացրել է գերիների վերադարձի, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցերը։ Հունվարի 29-ին ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Սթանոնը հայտարարել էր, թե Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայի վերադարձը Հայաստան և կոչ անում անհապաղ վերադարձնել մյուս 57-ին։ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների թվի մասին հստակ տեղեկություն չկա, հայտնի է, որ պատերազմից հետո գերեվարված 62 կամավորից 5-ը վերադարձել է ՀՀ։ Ավելի վաղ վերադարձել էր ևս 44 ռազմագերի։

 Ուշագրավ
Վրաց-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը դրական է գնահատել հարցվածների 73%-ը, իսկ վրաց-ադրբեջանականինը՝ 66%-ը
«Մեզ ավելի քան 1 մլն դեղաչափ է հարկավոր»,-ասել է Փաշինյանը։
Արարողության մասնակիցները ծանոթացել են նոր զորամասի պայմաններին
Նա հավաստիացրել է, որ Մոսկվան պահպանում է կապը կողմերի հետ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ