Կապանի համայնքապետը չի հանդիպել Ավինյանին․ Բարձրաձայնում է Սյունիքում անվտանգային խնդիրների մասին

Կապանի համայնքապետը չի հանդիպել Ավինյանին․ Բարձրաձայնում է Սյունիքում անվտանգային խնդիրների մասին

PanARMENIAN.Net - Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը չի համաձայնել հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, նա այդ հանդիպումից ակնկալիքներ չի ունեցել, «Փաստինֆոյին» ասել է ինքը՝ Փարսյանը։

Ավելի վաղ փոխվարչապետ Ավինյանը գործուղվել էր Սյունիք։ Տեղում նա որոտանցիներին ու շուռնուխցիներին ասել էր, որ ադրբեջանական կողմին անցած տների բնակիչներին միանվագ աջակցություն ու տուն կհատկացվի։

«Եթե վաղը չէ մյուս օրը հանկարծ կառավարության ներկայացուցիչները փորձեն շահարկել այն հանգամանքը, որ աշխատանքային խումբը եկավ Սյունիք, համայնքի ղեկավարները չհանդիպեցին, խնդիրները չբարձրաձայնեցին, ասացին, որ խնդրին անտեղյակ են, իմացեք, որ դա իրականությանը չի համապատասխանելու, քանի որ գրավոր արդեն իսկ ներկայացրել ենք մեր խնդիրները։ Նրանք դրանց մասին ընդհանուր պատկերացումներ ունեն»,- ասել է նա։

Փարսյանը հավելել է, որ Կապանի բազմաթիվ խնդիրներից մեկը ճանապարհների անվտանգության հարցն է, ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության։

«Ընդհանուր սահմանի երկայնքով բազմաթիվ բաց տեղեր ունենք, որտեղ ադրբեջանցիների ելքն ու մուտքը հնարավոր է։ Իսկ կոնկրետ մեր սահմանապահների անցակետերով չեմ կարծում, որ կարող են ադրբեջանցիներ անցնել, բայց կան այլ ճանապարհներ, որ կարող են օգտագործել։ Օրինակ՝ Տաթևի ճանապարհը։ Այդտեղ իրավապահներից ոչ ոք չկա, որ հսկողություն իրականացնի, բայց սահմանագծի վրա էլ բազմաթիվ խնդիր ունեցող հատվածներ ունենք»,- ասել է համայնքի ղեկավարը։

Անդրադառնալով կառավարության պաշտոնական պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Փարսյանը նշել է, որ ինքն էլ հույս ունի, որ դրանք վերջնական չեն, բայց հույսը հաջորդ իշխանությունների վրա է։

Փարսյանը չի բացառում, որ նոր որոշումներ կկայացվեն, որով Սյունիքին կրկին հարված կհասցնեն։ Նա հավելել է, որ կոնկրետ չի կարող ասել՝ ինչ որոշումներ կարող են կայացվել, խնդիրն այն է, որ պարզապես անտեղյակ են լինում որոշումներից՝ նախադեպը եղել է։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարույթունից հետո սահմանազատման արդյունքում Սյունիքի մարզի որոշ բնակավայրերից տարածքներ են անցել ադրբեջանական կողմին՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի։ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը ևս անցնում է Ադրբեջանին անցած տարածքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---