Կառավարությունը Սյունիքի կողքին է․ Ավինյանը մարզում խորհրդակցություն է անցկացրել

Կառավարությունը Սյունիքի կողքին է․ Ավինյանը մարզում խորհրդակցություն է անցկացրել

PanARMENIAN.Net - Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով և արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հունվարի 29-ին Ավինյանն այցելել է Սյունիքի մարզ, որտեղ կայացել է մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման ու օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Ավելի ուշ Կապանի համայնքապետը հայտարարել էր, որ ինքը չի հանդիպել Ավինյանին, որովհետև չունի ակնկալիքներ։

Ավինյանն այցելել է Գորիս, Որոտան, Շուռնուխ և Կապան համայնքներ, տեղում ծանոթացել իրավիճակին, սոցիալ-տնտեսական ու անվտանգային պայմաններին։ Համայնքների բնակիչների հետ քննարկվել են հրատապ և երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերն ու նախանշվել դրանց լուծումները։

Ավինյանի աշխատանքային այցն ամփոփվել է Կապանում, որտեղ էլ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցությունը։ Փոխվարչապետը ներկայացրել է Որոտան և Շուռնուխ համայնքներում բնակիչների հետ քննարկումների արդյունքները, ըստ որոնց՝ բնակարանը կորցրած ընտանիքների համար կառուցվելու են նոր տներ, նրանց ընտանիքի յուրաքանչյուր անդամ ստանալու է միանվագ 300,000 դրամ և նվազագույնը 6 ամիս՝ յուրաքանչյուր ամիս 68,000 դրամ աջակցություն։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձել են նաև ռազմական գործողություններից առաջ գոյություն ունեցած և դրանց արդյունքում ի հայտ եկած խնդիրների, այդ թվում՝ անվտանգության ապահովման միջոցառումներին, գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը և բնակչության պաշտպանության կազմակերպմանը։

Նոյեմբերի 10-ին պատերազմի դադարեցման հայտարարույթունից հետո սահմանազատման արդյունքում Սյունիքի մարզի որոշ բնակավայրերից տարածքներ են անցել ադրբեջանական կողմին՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի։ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը ևս անցնում է Ադրբեջանին անցած տարածքում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---