1 փետրվարի 2021 - 13:03 AMT
Արծրուն Հովհաննիսյանը՝ պարտության, Շուշիի անկման, Աննա Հակոբյանի ու «Հաղթում ենք»-ի մասին

Հայաստանը 44-օրյա պատերազմում պարտվել է, և դա պետք է հանգամանալի ուսումնասիրել, Ազգային ժողովում հայտարարել է պաշտպանության նախարարության նախկին խոսնակ, պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը մեկնաբանել է իր կողմից կեղծ ինֆորմացիա տալու խոսակցություններն ու պատերազմին առնչվող այլ հարցեր։

«Դուք որևէ դեպք հիշո՞ւմ եք, որ ես ասել եմ «Հաղթում ենք»։ Ախր այնքան էմոցիոնալ եք, չեք վերլուծում ոչ մի բան։ Միջազգային մի կառույց պատերազմից մեկ ամիս հետո պատերազմի 44 օրերի ընթացքում իմ արած հայտարարությունները մանրամասն վերլուծել, տվել է ինձ։ 400 հրապարակում եմ ունեցել 44 օրվա ընթացքում, մոտ 170 հրապարակում եղել է «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթում ենք». դրանք տարբեր բաներ են։ 168 հրապարակում եղել է 50/50 տարբերակով, այն մասին, որ պատերազմ է, շատ ծանր է, այսինքն` սթափեցնող հայտարարություններ»,- ասել է նա, փոխանցում է ParaTv-ն։

Հովհաննիսյանի խոսքով՝ պատերազմից հետո էմոցիոնալ ազդեցության տակ փորձ է արվում դավաճանների գտնել, իսկ իր համար շատ ցավալի է, որ դավաճանների փնտրում են հատկապես զինվորականների մեջ։ Նա շեշտել է, որ հանրությանը հայտնած իր տեղեկությունները ստացել է բացառապես ՊՆ-ից, Գլխավոր շտաբից ու Պաշտպանության բանակից։

«Շուշիում շատ բան ինձ համար անհասկանալի է։ Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում։ Ամսի 6-ից հետո 7-ին, 8-ին և 9-ին իրավիճակը Շուշիում տրամագծորեն կտրուկ փոխվել է։ Պատերազմից անցել է 3-4 ամիս, ես ամեն օր ուսումնասիրում եմ պատերազմի դրվագները` դրվագ առ դրվագ, բայց բաներ կան, որ իմ ուղեղում էլ չեն տեղավորվում»,- նշել է նա՝ հավելելով, որ որպես մասնագետի՝ իր համար չափազանց շատ են մտահոգիչ հարցերը՝ կապված ԶՈւ-ի գործողությունների, այլ ոչ քաղաքականության հետ։

Միտումնավոր պարտության գնալու մասին լուրը, ըստ Հովհաննիսյանի ՝ իր ու որևէ զինվորականի ուղեղում տեղավորվել չի կարող։ Ըստ նրա՝ հակասական տեղեկություններ շատ է ստացել նաև ինքը։

«Մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, մինչև Շուշին ընկնելու օրը։ Դուք հիմա խոսում եք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է, ու չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենալ այդ ամեն ինչի մասին։ Ես շատ ծանր եմ տանում, գիտեմ՝ ամբողջ ազգն է ծանր տանում, բայց դա չի նշանակում, որ դուք իրավունք ունեք մեղադրանքներ հնչեցնելու։ Ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ, ներկայացրել եմ կանոնավոր բանակի, զորքի փառահեղ կռիվը, իրենց փառահեղ կռվից հետո ինչ իրավունք ունեի չհավատալու, որ հաղթելու ենք, որովհետև ես հիմնվել եմ իրենց վրա»,- ասել է Հովհաննիսյանը, փոխանցում է Yerkir.am-ը։

Նա անդրադարձել է նաև խոսակցություններին, թե ինքը թելադրված լուրեր է հրապարակել, իսկ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրամաններ է տվել, իբրև դա հավաստող նկար է հրապարակվել՝ իր ու Հակոբյանի մասնակցությամբ։

«Բացառապես սուտ է, նման բան չի եղել, պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին, նույնիսկ հեռվից չեմ տեսել, դա կեղծիք է։ Նկարը հրապարակողները դա շատ լավ գիտեն, ու ցավալի է, որ գիտեն ու մանիպուլացնում են։ Եթե իրենք ազնիվ են, թող հրապարակեն այդ նկարին նախորդող մի քանի րոպեները և հաջորդող մի քանի րոպեները և կտեսնեք, որ ստում են։ Նման բան չի եղել, ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկությունները բացառապես ստացել եմ պաշտպանական գերատեսչությունից, ուղիղ օպերատիվ հերթապահությունից, ծառայությունից, Պաշտպանության բանակից, Պաշտպանության նախարարից, և եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ ես կապ եմ ունեցել։ Ես այլ տեղեկությունների չեմ տիրապետել։ Ես քաղաքական որևէ քննարկման, բանակցությունների, որևէ նման տեղեկություններ չեմ ունեցել մինչև վերջին օրը՝ նոյեմբերի 9-ը։ Եվ երբ նոյեմբերի 8-ին ես (հաղորդավար) Պետրոսի (Ղազարյան) հյուրն էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք, սպասում ենք 9-ի առավոտյան, որ մաքրած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,-ասել է նա։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ պատերազմ էր սանձազերծել։ Պատերազմն ավարտվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, հայկական կողմը տարածքային զիջումներ է արել։