1 փետրվարի 2021 - 14:56 AMT
Քոչարյան․ Ատոմային ռումբ ունենալու համար շատ բաների է պետք հասնել, կորցրածը՝ շատ արագ վերականգնել

Ատոմային ռումբ ունենալու համար շատ բաների է պետք հասնել, կորցրածը շատ արագ պետք է վերականգնել և առաջին հերթին անհրաժեշտ է արտերկրի կադրային ներուժի հետ Հայաստանի օրգանական կապը ստեղծել, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ գիտությունը պետք է լինի անվտանգության համակարգի ու բանակի հետ, իսկ դրսի փայլուն գիտնականննեի հետ կոորդինացնողը պետք է Պաշտպանության նախարարությունը լինի։

«Պետք է յուրաքանչյուրն իր մասով ներդրումներ անի։ Շատ կարևոր է, թե այս լսումներից հետո՝ վաղը, մենք ունե՞նք ծրագիր՝ բանակի հետ ոնց ենք աշխատում։ Պետք է առաջնահերթությունը դնել ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդիրների լուծման վրա։ Կարծում եմ, որ այս հավաքի վերջում, մենք երևի ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ կարողությունները պետք է վերանայել։ Ոչ թե մենք պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային համակարգի մեր տկար կարողություններով կարողացանք 2 Bayraktar իջեցնել, բայց մերը ստեղծելով շատ բան կա հասկանալու»,- ասել է պատգամավորը։

Քոչարյանի խոսքով՝ 44 օր տևած պատերազմի հիմնական ձեռքբերումն այն պետք է լինի, որ «մեր մեջից հանենք անտարբերությունը»:

«Եթե մենք զինվորի կյանքի տևողությունը չավելացնենք գիտության՝ դեպի բանակ բերած հնարավորությունները, կունենանք առաջնագծի այն պատկերը, որը, պարզվում է, տարիներ շարունակ փոփոխության չի ենթարկվել, երբ պարզվում է, որ այդտեղ էլ առաջնագծի կառուցվածքից սկսված՝ վերջացրած հեռահար հրթիռներով, դրա մեջ անընդհատ պետք է գիտության մասնակցությունը ներկա լինի»,- ասել է նա։

Ազգային ժողովում ընթանում են «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումները, ԿԳՄՍ նախարարը հենց դրա շրջանակում է ելույթ ունեցել։

Ընթերցեք նաև․ Նախարարը՝ գիտության ու կրթության անանջատության, անվտանգության և արտասահման մեկնող երիտասարդների մասին