154 մլն դրամ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովմանը․ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է առաջարկում

154 մլն դրամ՝ այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովմանը․ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է առաջարկում

PanARMENIAN.Net - Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես՝ երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսհաստատություններում հասցվելու է առնվազն 70%, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով` 2021-ի պետբյուջեում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովման համար նախատեսված է մոտ 154 մլն դրամ:

Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքից զարգացման և կարողությունների ընդլայնման հնարավորություն ունենալուն:

Այս պահանջը սահմանված է Կառավարության գործունեության ծրագրով, նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի մոտ 270 բնակավայրում այժմ նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը:

Նախարարությունից ասում են՝ նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է, ուստի այդ համայնքներում դասական մանկապարտեզների հիմնումը ծախսարդյունավետ չէ: Խնդրի լուծման նպատակով ԿԳՄՍՆ-ն փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքներում նախատեսում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնում:

Համավարակով պայմանավորված՝ նախադպրոցական հաստատությունների գործունեությունը սահմանափակված է. մանկապարտեզներում նոր ընդունելություն առայժմ չի կատարվում:

Համայնքները հնարավորություն կունենան առաջարկվող 8 մոդելային նախագծից իրենց բնակավայրի համար ընտրել առավել նպատակային տարբերակը: Առաջարկվող տիպային մոդելները տարբեր են. օրինակ՝ նախադպրոցական ծառայությունը կարող է կազմակերպվել տվյալ համայնքի դպրոցում կամ համայնքային որևէ կառույցի տարածքում: Կարող է այդպիսի ծառայություն մատուցվել նաև համապատասխան պայմաններ ունեցող անհատական բնակելի տանը: Ըստ տիպային մոդելների` առաջարկվում է նաև շարժական նախադպրոցական ծառայությունների կազմակերպման հնարավորություն:

Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ հետագայում համայնքները պահպանեն ստեղծված ենթակառուցվածքները` ապահովելով նախադպրոցական ծառայությունների շարունակություն: Բոլոր պահանջներն ու պայմանները մանրամասն կներկայացվեն դրամաշնորհի մրցույթի կարգում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---