3 փետրվարի 2021 - 11:42 AMT
ԱԺ-ն արտահերթ է գումարել․ Դրսում ընդդիմությունը ցույց է անում, բերման ենթարկվածներ կան

Ազգային ժողովը փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ բակում միաժամանակ ցույց է իրականացնում՝ պատճառաբանելով, որ «հակապետական օրինագծեր են ընդունվում»։

Խորհրդարանի մոտ ակցիայի մասնակից ցուցարարներից մի քանիսը բերման են ենթարկվել, փոխանցում է Aysor.am-ը։

Ընդդիմադիրներն ԱԺ գլխավոր մուտքից ներս են շպրտել իմքայլական պատգամավորների լուսանկարներով ու աթարով լցված պարկեր։

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում 6 հարց կա, այդ թվում նաև` դատական, քրեական դատավարության օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հարցերը։

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը: Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր», - նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։

Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո։ Շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։