Փորձագետը՝ «Կապույտ կետի» մասին․ Առաջին վտանգը դրա շուրջ միֆեր սնելն է

Փորձագետը՝ «Կապույտ կետի» մասին․ Առաջին վտանգը դրա շուրջ միֆեր սնելն է

PanARMENIAN.Net - Վերջին օրերին սոցցանցերի հայ օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել «Կապույտ կետ» («Синий кит») համակարգչային «խաղը», որի գոյության փաստը, սակայն, ապացուցված չէ: Ինչպես PanARMENIAN.Net -ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այդ քննարկումները և թեմայից սնվող միֆերը կարող են վտանգ ստեղծել երեխաների համար:

Քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ հունվարի 31-ին Հրազդանի կիրճում ծառից կախված գտնվեց 15-ամյա պատանին, որին նախորդ օրվանից փնտրում էին ծնողներն ու փրկարարները: Համացանցում հայտնվեց վարկած, որ տղայի ինքնասպանության պատճառը համակարգչային խաղն է:

«Կապույտ կետն» ի հայտ եկավ անբարեխիղջ լրագրողական հետաքննության հետևանքով, երբ «Վկոնտակտե»-ի որոշ խմբերին, որտեղ իսկապես ինքնասպանության թեմայով հավաքված երիտասարդներ կային, վերագրվեցին գրեթե բոլոր այդ ժամանակ եղած ինքնասպանությունները: Աղմուկն այնպիսին էր, որ այս թեման սկսեց իր կյանքով ապրել, և փաստացի այն արդեն ինքնուրույն դիցաբանական երևույթ է, որից առաջացել են այլ ճյուղավորումներ, տարբեր նմանատիպ խաղեր («Տիխի դոմ» և այլն)», - նշեց փորձագետը:

«Մի կողմից` այդ «խաղը» դիցաբանական երևույթ է, ինչպես, օրինակ, «Մեշոկ պապին» կամ մանկական վախենալու այլ խաղեր: Սակայն տարբերությունն այն է, որ իրական «Մեշոկ պապի» չի հայտնվի, անգամ եթե նրանից վախենաս: Բայց համացանցում խնդիրը նրանում է, որ եթե ինչ-որ թեմա պտտում ես, և մարդիկ սկսում են հետաքրքրվել, այն քիչ-քիչ մոտենում է իրականանալուն, որովհետև ինչ-որ մարդիկ որոշում են, որ կարելի է օգտագործել այդ միտքը, վախեցնել մարդկանց», - ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այն երեխան, որին արդեն հասցրել են «ահաբեկել» լրատվականներն ու սոցցանցային ակտիվիստները, ավելի հեշտ կարող է դառնալ որևէ մեկի վատ մտադրության զոհ և հանդիպել որևէ մեկի, ով որոշել է վախեցնել երեխաների և հասցնել նրանց ծանր հոգեկան վիճակի: Մարտիրոսյանի խոսքով՝ այսօր ամեն ինչ հնարավոր է անել կեղծ օգտատերերի միջոցով:

«Փաստացի, այսօր լրատվամիջոցները, պայքարելով «Սինի կիտի» դեմ, հակառակը՝ սնում են դրա շուրջ ծնված տարբեր միֆերը՝ ձևավորելով ահաբեկման մթնոլորտ: Եվ իսկապես, երեխաների մի մասը սկսում է վախենալ, մի մասը սկսում է փնտրել նման բաներ, և կարող է սոցցանցերում հանդիպել հոգեկան խանգարումներով մարդկանց, որոնք կփորձեն ներկայանալ, օրինակ, որպես այդ «Սինի կիտի» կուրատոր», - նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ Հայաստանում սա արդեն երկրորդ ալիքն է այդ խաղի շուրջ ստեղծված աղմուկի, առաջինը մի քանի տարի առաջ էր: Ըստ փորձագետի՝ առաջին ալիքին հետևեց սոցցանցերի հայկական տիրույթում երեխաների հետաքրքրության աճը նմանատիպ «խաղերի» նկատմամբ: Մարտիրոսյանը հիշում է, որ այդ ժամանակ երեխաները փորձում էին փնտրել և ընդգրկվել որևէ նմանատիպ «խաղի» մեջ, և վախենում է, որ աղմուկի այս երկրորդ ալիքը ևս կնպաստի երեխաների կողմից հետաքրքրվածության կտրուկ աճին:

«Երեխաներին պարզապես պետք է բացատրել, որ չպետք է վախենալ նման բաներից, չպետք է հավատալ այդ «Սինի կիտի» շուրջ ստեղծված խոսակցություններին, և որևէ խնդրի դեպքում պետք է դիմել ծնողին և պատմել, որ իրենց ահաբեկում են», - ասաց մեդիափորձագետը: Նա նաև հավելեց, որ Հայաստանում նմանատիպ խնդիրները թերի են «դիցաբանական ձևով են ուսումնասիրվում», անգամ ուժային կառույցների կողմից:

«Հիշենք, որ մեր ոստիկանությունը լրիվ ժամանակին լուրջ բոլոր մեղքերի մեջ մեղադրում էր էմոներին: Դա նշանակում է, որ պարզապես մասնագետներ չունենք, որոնք կուսումնասիրեն երիտասարդական շարժումները և դրանց հետ կապված ամեն ինչ», - եզրափակեց Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---