4 մարտի 2009 - 15:07 AMT
Որոշ ուժեր կարող են օգտագործել տնտեսական իրավիճակը մթնոլորտն երկրում թեժացնելու համար
«Ես բազմիցս եմ նշել, որ լինելու է ֆինանսական գերսղաճ-: Իմ հաշվարկներով դրամը պետք է արժեզրկվեր 20-30 տոկոսով, եւ, ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ»,- այսպես է գնահատել իրավիճակը ԱՀՄ ներկայացուցիչն իր երեկվա հայտարարության մեջ: Դրամը պետք է արժեզրկվեր աստիճանաբար, օրեկան 1-2 կետով, այդ դեպքում հնարավոր կլիներ իրավիճակի շտկմանն ուղղված ինչ-որ միջոցներ ձեռնարկել: Այն, ինչ պատահեց երեկ` դրամի սղաճը միանգամից տասը կետով, շոկ էր մեր տնտեսության համար»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա նաեւ հայտարարել է, որ ստեղծված տնտեսական իրավիճակն առաջին հերթին կանդրադառնա բնակչության վրա, քանի որ բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Բացի այդ, Մանասերյանը հավելել է, որ, իր տվյալներով, շուրջ 50 000 մարդ է վերադարձել Հայաստան արտերկրից, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով մեզ նաեւ գործազրկության աճ է սպասում:

Մանասերյանն ելքը տեսնում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման մեջ, ինչի մասին նա գրել է իր «Նոր տնտեսական քաղաքականության ուրվագիծը» աշխատության մեջ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կազդի դրամի փոխարժեքի անկումը ներքաղաքական իրավիճակի վրա` Թ.Մանասերյանը նշել է, թե չի բացառում, որ որոշ քաղաքական ուժերի կողմից կարող են հնչել ծայրահեղ գնահատականներ, ինչն էլ կթեժացնի մթնոլորտը:

Նախօրեին ընդամենը մի քանի ժամում դոլարի փոխարժեքը Հայաստանում հասավ 360 դրամի 1 դոլարի դիմաց, եվրոյի փոխարժեքը հասավ 440 դրամի: Մինչ այդ դոլարի փոխարժեքը արտարժույթի փոխանակման կետերում 305-310 դրամ էր մեկ դոլարի դիմաց, 387 դրամ` մեկ եվրոյի դիմաց: Դրամի նման կտրուկ անկման հիմնական պատճառ հանդիսացավ ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունն այն մասին, որ ԿԲ-ն սահմանափակում է իր միջամտությունն արտարժույթի բորսային եւ վերադառնում է լողացող փոխարժեքի քաղաքականությանը: