4 փետրվարի 2021 - 10:28 AMT
Մարուքյան․ Պատերազմի մասին պարիտետային փաստահավաք խմբի կազմավորման քննարկումները կշարունակվեն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ քննարկումները շարունակվելու են։

Նա հրապարակել է քաղաքական ուժերից ստացած բոլոր պատասխանները։

«Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝ hրապարակում եմ 44-օրյա պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության օբյեկտիվ հանգամանքները վերհանելու նպատակով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված՝ պարիտետային փաստահավաք խմբի մասին առաջարկվող նախագծի վերաբերյալ փաստահավաք խմբում, ըստ նախագծի, ներգրավման ենթակա քաղաքական ուժերից («Իմ քայլը», ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Մենք»/«Հանրապետություն») ստացված բոլոր պատասխանները։

Վերոնշյալ քաղաքական ուժերի հետ շարունակելու ենք քննարկումները սեղմ ժամկետում օրենքի ուժով պարիտետային փաստահավաք խումբ կազմավորելու վերաբերյալ, քանի որ գտնում ենք, որ անհրաժեշտ է մշակել օրենքի նախագիծ՝ մեր կողմից առաջարկվող փաստահավաք առաքելությունն իրականացնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ Մարուքյանի` եթե հանձնաժողովը ստեղծվի օրենքի ուժով, ապա ավելի անկախ կլինի, քան եթե ստեղծվի կառավարության որոշմամբ։ Նա նշել է, որ իր առաջարկածը պարիտետային հանձնաժողով է. գործող իշխանությունը դրա մեջ մեծամասնություն չի կազմում, հետևաբար` ճնշումներ չի կարող գործադրել: