4 փետրվարի 2021 - 11:04 AMT
Քոչարյանը՝ Սիմոնյանին․ Ստեփանակերտի մեր տնից 25 մետրի վրա էլ է ռումբ պայթել

44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի ռմբակոծումից հրթիռ է պայթել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տնից 20-25 մետրի վրա, ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ Լևոնը։

Քոչարյանը պատասխանել է Ազգային ժողովի փոխխոսնակ, իմքայլական Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինչու Քոչարյանի՝ Ստեփանակերտի տան վրա ռումբ չի պայթել։ Գրառմանը կից նա հրապարակել է իրենց տնից արված լուսանկար։

«Այդ օրերին, ինչպես գիտեք, հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները»,- գրել է նա՝ հիշեցնելով, որ 90-ականներին ևս իրենց տան շրջակայքը հրթիռակոծվում էր ու ռմբակոծվում, ինչի հետևանքով մայրը ծանր վիրավորվել էր։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորում էր Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, ռմբակոծվել ու հրթիռակոծվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու մյուս քաղաքները։