4 փետրվարի 2021 - 11:30 AMT
Հարությունյանը՝ բարերարին․ Հետպատերազմյան ծանր շրջանը կհաղթահարվի միայն միասնական ջանքերով

Միայն հայ ժողովրդի միասնական ջանքերով է հնարավոր արագ հաղթահարել հետպատերազմյան ծանր շրջանի դժվարությունները և պլանավորել զարգացման ծրագրեր, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդունելով բարերար Ալեք Բաղդասարյանին։

Բաղդասարյանը Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահն է, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ։

Նախագահը բարերարին ընդունել է փետրվարի 3-ին, հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, ներկայացրել, որ Հայ կրթական հիմնարկության ծրագրերի շրջանակում պատրաստվում են Արցախում կրթության զարգացման գործում աջակցության լրացուցիչ աշխատանքներ իրականացնել:

44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո Արցախին հումանիտար օգնություն են ուղարկել աշխարհի տարբեր հատվածներից։ Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտարարել էր, որ Արցախում այս պահին սոցիալական ու հումանիտար խնդիր չկա։