4 փետրվարի 2021 - 11:48 AMT
2 քաշաթաղցի կմասնակցի Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի նիստին

Քաշաթաղցիներից երկու ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ Արցախի հարցերով աշխատանքային խմբի հաջորդ նիստին, որի ժամանակ քաղաքացիները կներկայացնեն խնդիրների լուծման իրենց մոտեցումները: Որոշումը կայացվել է փոխվարչապետի և Քաշաթաղից տարհանված անձանց ներկայացուցիչների հանդիպմանը։

Քաշաթաղցիները ներկայացրել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տարհանումից հետո իրենց առջև ծառացած հիմնական խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, Արցախին ուղղված ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրերի ընթացքը, դրանցից օգտվելու ընթացքում առաջացած խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր լուծումները:

Ավելի վաղ իրենց տունն ու գույքը կորցրած Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց ` պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնվեց դեկտեմբերի 1-ին։ 54 համայնքից հայկական կողմին է մնացել երեքը՝ Բերձորը, Աղավնոն, Սուսը։