4 փետրվարի 2021 - 13:01 AMT
Հարությունյան․ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի հերոսական էջերի խորհրդանիշը բոլորի համար

Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար, հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

Հարությունյանը չափազանց կարևոր է համարել Պարգև Սրբազանի դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։

Նախագահը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ հայ ժողովրդի համար դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։

Հունվարի 21-ին Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։