4 փետրվարի 2021 - 15:39 AMT
Սինանյան․ Այժմ արտագաղթել ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան

Արտագաղթի տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ, կարծում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այս պահին (արտագաղել,- խմբ.) ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր», - ասել է Սինանյանը, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երբ Ռուսաստանի հետ չվերթերը վերականգնվեցին, առաջին օրն ավելի շատ մարդ եկել է ՀՀ, քան մեկնել, Սինանյանն ասել է, որ թվերին ծանոթ չէ:

«Չնայած չեմ զարմանում: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Միգրացիոն ծառայությունը թվերն ունի, և դրա հիման վրա վարչապետը նման եզրակացություն է արել», - ասել է նա:

Սինանյանը նշել է, որ ներգաղթի ակնկալիք միշտ ունեն, բայց այս պահին ժողովրդի մեջ հոգեբանական անկում կա. «Հետևաբար, չեմ զարմանա... Ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով է հնարավոր Հայաստանից արտահոսքը»:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը նախատեսում է օդանավակայան գնալ:

Դեպի Ռուսաստան տոմսերի բարձր արժեքի վերաբերյալ էլ նշել է, որ գինը շուկան է որոշում. «Մենք գների վրա չենք կարող ազդել: Այնպես չէ, որ մենք ունենք ազգային ավիափոխադրող և կարող ենք գին թելադրել»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով արտագաղթի մասին հայտարարություններին, ԱԺ նիստում ասել էր, որ ՀՀ-ից մեկնող ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում։