Բայդենը պահանջել է անհապաղ ազատ արձակել Նավալնուն

Բայդենը պահանջել է անհապաղ ազատ արձակել Նավալնուն

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարությունում ելույթի ժամանակ պահանջել է անհապաղ ազատ արձակել ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն, որն ազատազրկման է դատապարտվել, տեղեկացնում է CNBC-ն։

«Նավալնու ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով և խոսքի ազատության ու խաղաղ հավաքների իրավունքի ճնշումը խորը մտահոգություն է առաջացնում։ Նավալնին, ինչպես ՌԴ բոլոր քաղաքացիները, ՌԴ Սահմանադրությամբ վերապահված իրավունքներ ունի։ Նա պատժվել է կոռուպցիան բացահայտելու համար։ Նա պետք է ազատ արձակվի անհապաղ և առանց որևէ պայմանի»,- ասել է Բայդենը։

Նա նշել է նաև, որ հասկացրել է Պուտինին՝ «անցել են այն օրերը, երբ ԱՄՆ-ն չէր դիմադրում ՌԴ ագրեսիվ գործողություններին, միջամտությանն ԱՄՆ ընտրություններին, կիբերհարձակումներին, քաղաքացիների թունավորմանը»։

Նավալնին դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման և ազատ կարձակվի միայն 2023-ի աշնանը՝ նրա պայմանական պատիժը փոխարինվել է իրականով։ Դատավճռի դեմ բողոքի ակցիաների բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել են: Մոսկվայի քաղաքային դատարանը պայմանական դատավճիռը «Իվ Ռոշեի» գործով, որով նա դատապարտվել էր 3․5 տարվա պայմանական ազատազրկման, փոխարինել է իրականով։ Այն ժամանակը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ` 10 ամիսը, կհանվի ընդհանուր ժամկետից։ Նրան մեղադրել են պայմանական ազատազրկման պահանջները խախտելու մեջ։

Ավելի վաղ Ալեքսեյ Նավալնուն պահանջել են ազատ արձակել նաև Մեծ Բրտանիայի վարչապետ Բորսի Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---