ԿԳՄՍ նախարարը՝ կոմպոզիտորներին․ Այցելեք սահմանամերձ մարզեր և Արցախ

ԿԳՄՍ նախարարը՝ կոմպոզիտորներին․ Այցելեք սահմանամերձ մարզեր և Արցախ

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կոմպոզիտորներին հորդորել է այցելել սահմանամերձ մարզեր, համայնքներ ու Արցախ, նրա համոզմամբ՝ բոլոր ջանքերը պետք է ուղղել մարզային համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու գեղարվեստական կրթության զարգացմանը։

Դումանյանն ընդունել է Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար անձնակազմին ու մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Դումանյանն անդրադարձել է նաև գեղարվեստական կրթության կարևորությանն ու այն դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից։

«Կրթությունից է սկսվում մեր անվտանգությունը: Գեղարվեստական կրթությունը կրթության անբաժանելի մասն է: Մենք պետք է հստակորեն ձևակերպենք մեր նպատակները, անելիքները և ինտելեկտի բարձրագույն ճանապարհով կրթենք ու զարգացնենք մեր երիտասարդներին: Մեր անվտանգությունը կարող ենք ամրացնել և ապահովել՝ միայն գիտելիքներ փոխանցելով ու մտավոր բարձր կարողություններով անհատներ ձևավորելով: Եվ այդ գործում անգնահատելի է ձեր աջակցությունն ու ներդրումը»,- ասել է նա:

Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայկական երաժշտական համաժողովի ղեկավարներն ու անդամները հակիրճ ներկայացրել են իրականացրած և առաջիկա ծրագրերը:

Նրանք խոսել են նաև առկա խնդիրների մասին և լուծումներ առաջարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Հայկական երաժշտական համաժողովի ղեկավար Լևոն Չաուշյանը նախարարին նվիրել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրենց կազմակերպության կողմից հրատարակված «Հայ ժամանակակից կոմպոզիտորների» ձայնագրությունների հավաքածուն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---