6 փետրվարի 2021 - 10:29 AMT
Նոր ավտոբուսները գործարկվել են. Վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով

Փետրվարի 5-ին Երևանում երթուղի է դուրս եկել նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Նոր ավտոբուսներում պետք է վճարել նստելիս և միայն 100 դրամանոցներով՝ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։

«Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ»,-տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Փետրվարի 5-ին գործարկվել է թիվ 26 երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշին. այն որոշակիորեն կթեթևացնի բնակիչների հոգսը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան մնացած ավտոբուսները, իսկ նոր երթուղիների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:

«Տրանսպորտի ռեֆորմը բնականոն ընթացքի մեջ է: Միասին բոլոր խնդիրները լուծելու ենք՝ հաջորդաբար», - ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։