6 փետրվարի 2021 - 10:30 AMT
Վահան Բադասյան․ Ինձ կալանքով խոշտանգում են, կոչ եմ անում բողոքի ձայն բարձրացնել

Ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարել է, որ իրեն խոշտանգում են կալանքի միջոցով, այնինչ ինքը զինապարտ չլինելով կամովին պատերազմի է մասնակցել, ծանր վիրավորվել։

Բադասյանը համոզմունք է հայտնել, որ «այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրախուսում և պետական պարգևի է ներկայացնում, իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում»:

Նա կոչ է արել բոլորին միավորվել ու բողոքի ձայն բարձրացնել՝ որպեսզի դադարեցվեն իր նկատմամբ «ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»:

Բադասյանը կալանավորվել է հունվարի 28-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես իշխանությունից հեռացնելու հայտարարությունից հետո։ Նրա հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանը՝ Արայիկ Պապիկյանը։

«Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների»,-ասել է նա։